Հասարակագիտական մասնախմբի նոյեմբերյան գործունեության ամփոփում

Կրթահամալիրի օրացույցով նոյեմբերը սեբաստացու օրեր-կրթահամալիրի տոնի ամիս էր, նաև սիրադեղյանական օրերի ամիս, հետևաբար ամիսը բավականին հագեցած, ծանրաբեռնված էր հասարակագետների համար՝ կլոր սեղան-քննարկումներ, հրավիրյալ մասնագետների հետ հանդիպումներ, ուսումնական բաց պարապմունքներ, գիտաժողովի մասնակցություն, ուսումնահայրենագիտական-կրթական փոխանակումներով ճամփորդություններ, թանգարանային այցելություններ, կրթական փոխանակումներով Թալինի տարածաշրջանի դպրոցների ընդունելություն, սեբաստացիական այլ նախագծերի իրականացում․․․

Նոյեմբերի 8-ին հասարակագիտական մասնախմբի հավաքին քննարկվել են Սեբաստացու և Սիրադեղյանական օրերի շրջանակում հասարակագետների անելիքները, որոնք բերվել են օրացույցի, որով էլ առաջնորդվել ենք նոյեմբեր ամսվա ընթացքում։

Նոյեմբերի 14-ին հասարակագիտական մասնախմբի ղեկավար Վարդան Կարապետյանը և մասնախմբի անդամ Աշոտ Տիգրանյանը «ԱՐՄԱԼՈւՐ» լրատվականի լրագրող Արևիկ Սարդարյանի հետ հանդիպմանը ներկայացրեցին իրենց դիտարկումները 7-րդ դասարանի Հայոց պատմության նոր դասագրքի վերաբերալ։

Նոյեմբերի 15-ին ունեցել ենք կլոր սեղան-քննարկում․թեման էր՝ «Վանո Սիրադեղյան» հրապարակախոսը։ Սամվել Թամազյանի և Արմեն Ոսկանյանի համակարգմամբ 10-11-րդ դասարանների պատմության ընտրությամբ դասընթացի սովորողները ներկայացրեցին Վանո Սիրադեղյանի հրապարակախոսական հոդվածներից վերլուծություններ, որոնց շուրջ ծավալվեց հետաքրքիր քննարկում։ Կլոր սեղանին ներկա էին նաև  պետական գործիչ,  Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ, Վանո Սիրադեղյանի ընկեր Արամ Մանուկյանը և Հայաստանի մշակութային հիմնադրամի տնօրեն, «Վանո Սիրադեղյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մանուկ Նիգոյանը։

Նոյեմբերի 17-ին հետազոտական վարժարանի մի խումբ հետաքրքրված սովորողներ հասարակագետ Արմեն Ոսկանյանի ղեկավարությամբ ՀՀ ԳԱԱ  Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում մասնակցել են Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակած փիլիսոփայության միջազգային օրվան նվիրված գիտաժողովին, որին մասնակցելու հրավերք ստացել էինք Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն Էմիլ Օրդուխանյանից։

Նոյեմբերի 17-19-ը  Սիրադեղյանական օրերի շրջանակում  հետազոտական վարժարանի սովորողների, շրջանավարտների և դասավանդողների 20 հոգանոց խմբով «Ուսումնահայրենագիտական-կրթական փոխանակումներ-քայլարշավային» նախագծով ճամփորդել ենք Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում՝ Կոթի-Կողբ-Բերդավան բնակավայրերում, հիմնական նպատակն էր՝ ամփոփել Սիրադեղյանական օրերը Վանո Սիրադեղյանի ծննդավայրում։

Նոյեմբերի 21-ին ունեցել ենք ուսումնական բաց պարապմունք-քննարկում իրանագետ Ահարոն Վարդանյանի հետ /համակարգումը՝ Լևոն Միրզոյանի/․թեման էր՝ «Իրանի արտաքին քաղաքականությունը Մեծ Մերձավոր Արևելքում»։ Պարոն Վարդանյանը ուսումնական պարապմունքի սկզբում ներկայացրեց Իրանի տնտեսական ու քաղաքական հարաբերությունները հարևան երկրների հետ, Իրանի վերաբերմունքը Ռուսաստանի Դաշնությանը, Մեծ Բրիտանիային ու ԱՄՆ-ին։ Քննարկվեցին նաև այլ հարցեր, մասնավորապես Իրանի դերը տարածաշրջանում։

Նոյեմբերի 21-ին 9-րդ դասարանի ընտրությամբ խմբերի մասնակցությամբ ունեցել ենք ուսումնական բաց պարապմունք /համակարգումը՝ Աննա Խաչատրյանի/․թեման էր՝ «Մխիթար Սեբաստացու կյանքն ու գործունեությունը» և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը։ Պարապմունքն ամփոփվեց բաց հարցաշարով։

Նոյեմբերի 2-24-ը Սեբաստացու օրերի շրջանակում Միջին դպրոցի 6-րդ դասարանի սովորողները «Պատմության դասը Պատմության թանգարանում» նախագծով /համակարգումը՝ Դիանա Նազարյանի/ մի շարք այցելություններ իրականացրեցին Հայաստանի պատմության թանգարան՝ տեսնելու հնագիտական և ազգագրական բացառիկ նմուշներ, ինչպես նաև պատկերացնելու Հայաստանի պատմությունն ու մշակույթը հին քարե դարից մինչև մեր օրերը։

Նոյեմբերի 23-25-ը կրթական փոխանակումների ծրագրով կրթահամալիրի հյուրերն էին Թալինի տարածաշրջանի Աշնակ, Պարտիզակ և Ներքին Բազմաբերդ գյուղերի դասավանդողները և սովորողները  /համակարգումը՝ Վարդան Կարապետյանի, Աշոտ Տիգրանյանի/,ովքեր եկել էին մասնակցելու կրթահամալիրի տոն-հարիսայի ծեսին։ Երեք օրերի ընթացքում հյուրերը մասնակցեցին հեղինակային կրթական ծրագրի մի շարք ուսումնական բաց պարապմունքների, հետազոտական վարժարանի սովորողների նախագծի ներկայացմանը, ունեցանք միասնական կլոր սեղան, ավանդական ուտեստների ներկայացում, ակտիվ մասնակցություն Մեդիաուրբաթ համերգին, ավանդական հարիսայի պատրաստում, մասնակցություն կրթահամալիրի հարիսայի ծեսին, պարապմունք կրթահամալիրի խաղողի-գինու դպրոցում, շրջայց ուսումնական Ագարակում, ամփոփիչ հավաք-համագործակցային գաղափարների քննարկում։ Այս այցելությամբ ոչ միայն ամրապնդվեցին, ընդլայնվեցին աշնակցիների և կրթահամալիրի միջև վաղուց ստեղծված կապերը, այլև նոր կապեր ձևավորվեցին Պարտիզակի ու Ներքին Բազմաբերդի դպրոցների և կրթահամալիրի միջև։
Ամփոփում-հաշվետվությունը՝ այստեղ․

Սեբաստացու օրերի շրջանակում հասարակագետ-մշակութաբան Հրայր Խաչատրյանը և մայրենիի դասավանդող Նունե Մովսիսյանը, հասարակագետ Աշոտ Տիգրանյանի համակարգմամբ, սկսել են աշխատել «Մխիթար Սեբաստացին և Մխիթարյան Միաբանությունը» դասընթացի մոդուլային ծրագրի մշակման շուրջ /, որը, որպես պիլոտային ծրագիր, կիրականացվի հունվարյան ճամբարի շրջանում։
Հրայր Խաչատրյանի աշխատանքը
Նունե Մովսիսյանի աշխատանքը

Շատ կարևոր ուսումնական աշխատանք եմ համարում կրթահամալիրի հիմնադիր Աշոտ Բլեյանի՝ թիվ 1 Ստուդիայում տեղի ունեցած հարցազրույցի /Նվարդ Մելիքյանի հետ/ վերլուծությունը հետազոտական վարժարանի մի խումբ սովորողների կողմից, որը համակարգել են հասարակագետներ Աշոտ Տիգրանյանը և Վարդան Կարապետյանը։

Համագործակցության միտումով հասարակագետներ Վարդան Կարապետյանը և Աշոտ Տիգրանյանը հանդիպում-քննարկում են ունեցել «Ապագա հայկականը» նախաձեռնության ներկայացուցչի հետ։

Որպես մասնախմբի ղեկավար՝ մշակել եմ հասարակագիտական մասնախմբի 2023-2024 ուսումնական տարվա աշխատակարգը։

Այս բազմաթիվ և բազմազան աշխատանքներին զուգահեռ հասարակագետները շարունակել են աշխատել հետազոտական վարժարանի 10-12-րդ դասարանների սովորողների հետազոտական աշխատանքների և 9-րդ դասարանի սովորողների նախագծային աշխատանքների շուրջ։

Հետազոտական աշխատանքների ղեկավարման հաշվետվություն՝

Հասարակագետների նոյեմբերյան ամփոփումները՝

Հասարակագիտական մասնախմբի ղեկավար՝  Վարդան Կարապետյան

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started